National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.07.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը
1 / 12

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն, որը նախատեսվում է օրենքի 33-րդ հոդվածում: Առաջարկվում է ավելացնել դրույթ, ըստ որի՝ Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը: Վերոնշյալ օրենքի համաձայն՝ Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար բուժաշխատողներին շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ: Սահմանված է, որ բուժաշխատողները 5 տարվա ընթացքում պետք է հավաքեն 220 կրեդիտ՝ մասնակցելով վերապատրաստումների, կոնֆերանսների եւ այլ սահմանված միջոցառումների: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե դրանց մասնակցելու, հետեւաբար, աշխատանքից բացակայելու դեպքերում ինչպե՞ս են վարձատրվում այդ բուժաշխատողները, արդյո՞ք պահպանվում են աշխատավարձը, ստաժը եւ վարձատրությունը:

Օրենքում առաջարկվող փոփոխության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Օրենսդրական փոփոխության վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, հուլիսի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են  պատգամավորներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, բուժհաստատությունների ղեկավարներ:

Նարեկ Զեյնալյանը մանրամասնել է, որ իրենց առաջարկը վերաբերում է բուժաշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, քանի որ օրենքում հստակեցված չեն վերոնշյալ հարցերը, եւ դրանց կարգավորումը թողնված է բժշկական հիմնարկների տնօրենների հայեցողությանը: Ըստ նրա՝ դա օրենքի խախտում չէ, քանի որ որեւէ տեղ ամրագրված չէ, թե ինչպես պետք է կարգավորվեն  բուժաշխատողների ստաժի, աշխատատեղի եւ վարձատրության հարցերը, երբ նրանք ՇՄԶ նպատակով որոշակի ժամկետներում մասնակցում են վերապատրաստման դասընթացների, սեմինարների, գիտական, գիտագործնական գիտաժողովների, կոնֆերանսների եւ այլն:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ 2023 թ. հունվարի 1-ից բոլոր բուժհաստատություններում պարտադիր կլինի ՇՄԶ հավաստագրերի առկայությունը: «Բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ այս գործընթացի ներդրման արդյունքում, շատ կարեւոր է այս պահին էլ հայտնաբերել եւ իրականացնել փոփոխություններ»,- ասել է փոխնախարարը՝ քննարկման մասնակիցներին առաջարկելով ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:

Քննարկման մասնակիցները հայտնել են, որ ՇՄԶ նպատակով աշխատանքից բացակայող բուժաշխատողների բացակայությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն համարվում են հարգելի, պահպանվում են ստաժն ու աշխատատեղը, սակայն դա կատարվում է հաստատության ներքին կանոնակարգին համապատասխան:

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ ստաժը, աշխատատեղն ու վարձատրությունը պահպանվում են աշխատողի որակավորման բարձրացման ժամանակ, իսկ ՇՄԶ-ն որակավորման բարձրացում չէ: Նա տեղեկացրել է, որ որոշ ԲԿ-ներ վերապատրաստման մասնակցող բուժաշխատողներին չեն տալիս աշխատավարձ, եւ նրանք ստիպված իրենց հաշվին արձակուրդ ձեւակերպելով են  գնում վերապատրաստման կամ այլ սահմանված միջոցառումների: «Ուզում ենք, որ մեկ դաշտում գործեն բոլորը, սա է խնդիրը»,- ընդգծել է Նարեկ Զեյնալյանը:

Հյուրերը պատգամավորներին ներկայացրել են հարցի կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաեւ բուժաշխատողների վերապատրաստման իրենց տարբերակները, նպատակահարմար համարել օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Ամփոփելով քննարկումը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար: Նա տեղեկացրել է, որ առաջարկների հիման վրա նախագիծը մասամբ կվերաձեւակերպվի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am